«Մանկական Եվրատեսիլի» 20-րդ հոբելյանական երգի մրցույթ

Դեկտեմբերի 5-ին Հայաստանի Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Մանկական Եվրատեսիլ 2022» երգի միջազգային 20-րդ հոբելյանական մրցույթի պաշտոնական բացման արարողությունը և վառվեցին Հայաստանի գլխավոր տոնածառի լույսերը։ ՀՀ կառավարությունը, Երևանի քաղաքապետարանը, Հանրային Հեռուստաընկերությունը և «Բեգրաունդ Փրոդաքշն» ընկերությունը երևանցիներին և մայրաքաղաքի հյուրերին պարգևեցին իսկական տոն՝ կազմակերպելով մեծամասշտաբ համաքաղաքային աննախադեպ, ինքնատիպ ամանորյա միջոցառում։ Հրապարակին հարող բոլոր շենքերը ստացել էին եզակի լուսային ձևավորում։ Հրապարակի շատրվանների ամբողջ ջրավազանի վրա կառուցվել էր նախադեպը չունեցող մեծ բեմահարթակ՝ զարդարված ժամանակակից տեխնիկական լուծումներով, գեղեցիկ դեկորացիաներով, հեքիաթային տնակներով, խաղահրապարակով, արհեստական սահադաշտով։ Տոնախմբության սկզբնամասում մրցույթի շրջանակներում Երևան ժամանած 16 երկրների մասնակիցները՝ անցնելով հանդիսավոր կարմիր գորգով, քայլեցին դեպի Հայաստանի ազգային պատկերասրահ, որտեղ տեղի ունեցավ սպասվող մրցույթի ընթացքում մասնակիցների ելույթ ունենալու հերթականությունը որոշող վիճակահանությունը։ Դրան հաջորդեց գեղեցիկ, նմանը չունեցող և բարության շնչով պարուրված՝ մանկական, հեքիաթային երաժշտական ներկայացման (մյուզիքլի) բեմադրությունը, որի ավարտին բարին հաղթեց չարին, և հեքիաթի հերոսները բեմ բարձրացած մրցույթի մասնակիցների հետ միասին նախ պտտեցին «Մանկական Եվրատեսիլ 2022»-ի խորհրդանիշ հանդիսացող հոլը, այնուհետև գեղեցիկ հրավառության ներքո վառեցին գլխավոր տոնածառի լույսերը։ Տոնախմբությունն ավարտվեց Երևան ժամանած Մանկական Եվրատեսիլի տարբեր տարիների հաղթող արտիստների մասնակցությամբ աննախադեպ համերգային ծրագրով։ Հանդիսությունը վարեցին «Եվրատեսիլ 2014» երգի մրցույթում Հայաստանը ներկայացրած Արամ MP3-ն, «Մանկական Եվրատեսիլ 2011» երգի մրցույթում Հայաստանը ներկայացրած Դալիթան և Հանրային հեռուստաընկերության և ռադիոյի հաղորդավար Համլետ Առաքելյանը։ Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում «Բեգրաունդ Փրոդաքշն» ընկերությունը հանդես է եկել, որպես միջոցառման տարածքի պրոդյուսեր և տարածքի ամբողջ բրենդինգի հեղինակն է։

Related projects ...